«Ասում են՝ հետևանքները կշտկվեն ամիսների ընթացքում»․ Իննա Խոջամիրյանը՝ COVID-19–ով վարակվելու, հետևանքների և արձակուրդի ժամանակ ապրած սարսափելի վախի մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանը վարակվել է COVID-19–ով։ Մեզ հետ զրույցում Իննան առաջին անգամ խոսել է վարակը հաղթահարելու, դրան հաջորդած փոքրիկ արձակուրդի և ապրած սարսափելի վախի մասին։

COVID-19–ի մասին շատ խոսել Իննան չցանկացավ։ «Մենք հայերս, գուցե, սկեպտիկ վերաբերմունք ունենք այս համավարակին կամ ունեինք, բայց այն անտանելի մի բան է: Թող բոլորն առողջ լինեն: Չեմ ուզի այս մասին խոսել, կարևորը հիմա, կարծես թե, առողջ եմ: Ասում են՝ հետևանքները կշտկվեն գալիք ամիսների ընթացքում»,– ասաց Իննան։
Մեկուսացումն Իննայի դեպքում անցնում էր դերասանուհի Իրինա Այվազյանի և իրենց երրորդ ընկերոջ հետ, քանի որ երեքը միաժամանակ էին վարակվել, միասին կաթիլային էին ստանում։ Այդ ընթացքում միայն իրար հետ էին կարողանում շփվել։ Սա նրանց համար փրկություն էր համեմատ լիարժեք մեկուսացման։

«Այսպիսի մեկուսացումն անհամեմատ թեթև էր: Ընկերովի մահը հարսանիք է»,– նկատեց Իննան։

Դերասանուհին տևական ժամանակ է՝ երազում էր արձակուրդի մասին, բայց ոչ այսպիսի։ «Աշխատանքային պիկի ընթացքում ասում է՝ Տեր Աստված, գոնե մի շաբաթ արձակուրդ ունենայի, վաղը ևեթ Իսպանիա կմեկնեի, շատ եմ ուզում տեսնել, քանի ուղիղ չվերթները բաց են: Արձակուրդը ստացվեց, Իսպանիան` ոչ։ Ցանկությունս երևի այդքան էլ հստակ չէի ձևակերպել, այն տիեզերք բաց թողնելու համար: Բայց չեմ դժգոհում` կարևորն ամեն բան լավ է»,– ծիծաղելով ասաց նա։

Դերասանների՝ COVID-19–ով վարակվելուց հետո «Բեկորներ» հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվեցին։ Իննան արդեն առողջացել էր և ուներ COVID-19–ի բացասական թեստ, նկարահանումները դեռ չէին վերսկսվել, և դերասանուհին որոշեց կարճատև արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ Վայոց ձորի մարզում։

Միայնակ արձակուրդի մեկնած Իննայի համար այն առանց արկածների չի անցել։ Դերասանուհին սարսափելի վախ է ապրել՝ դեմհանդիման ելնելով արջի քոթոթին։

«Որոշել էի մենակ Սմբատաբերդ բարձրանալ, այն էլ ոտքով: Սխալ քայլ էր, ինչ խոսք, և ճակատագրական զուգադիպություն: Բավականին ճանապարհ էի անցել, երբ տեսա, որ դիմացս՝ շատ քիչ հեռավորության վրա, քոթոթ է։ Գիտեմ, որ եթե քոթոթն այդտեղ է, արջը շատ հեռու լինել չի կարող։ Այն մտքից, որ մայր արջը քոթոթին երբեք մենակ չի թողնում և տարածքում է, իսկ ես անպատրաստ` ստիպեց կյանքիս ամենամեծ վախերից ապրել: Վազելով հետ եմ իջել ամբողջ քարքարոտ ճանապարհը»,– պատմեց Իննան։

Դերասանուհին նկատեց, որ այդպիսի վախը չէր կարող անհետևանք մնալ նյարդային համակարգի համար, բայց հուսով է՝ շուտով ամեն ինչ կկարգավորվի․ «Միանշանակ ազդել է, չի կարող ազդեցություն չունենալ: Կանցնի իհարկե…Հույս ունեմ»։

Ինչ վերաբերում է միայնակ հանգստի մեկնելու որոշմանը՝ Իննան ասաց․ «Մենակյաց եմ… պատերազմից հետո գուցե եռապատիկ: Իմ աշխատանքի բնույթից ելնելով իմ կատարյալ հանգիստը լռությունն է: Հաճախ եմ միայնակ ճամփորդում. գնում եմ որևէ տեղ, լռում եմ, ընթերցում, մեդիտացիա անում, նոր էներգիա հավաքում, կուտակված բացասականը մասամբ դուրս հանում: Օգնում է, բայց վտանգավոր է… Վախենամ սովորություն դառնա` դժվարանամ ընկերակցությամբ մեկնել հանգստի: Առայժմ ոսկե միջինն է»,– նկատեց դերասանուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Prends ta pause