Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Մոնթե Մելքոնյանի զոհվելու պատճառները Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ինձ հետ կապելու փորձերը առնվազն զառանցանք եմ համարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառանալով Արցախի տարբեր համայքներում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ սկսած Ս. Բաբայանի՝ այդ մասին կատարած հայտարարությանը: «Բաբայանը նախ ստորաբար հայտարարում է, որ այդ օպերացիայի մասին տեղեկացված չէր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ պատերազմում ունեցած բոլոր հաջողությունները միայն իրենն են, իսկ այսպես կոչված անհաջողությունները՝ մյուս գեներալներինը: Արդյո՞ք դա արդար է, արդյո՞ք դա հերոս մարդու պահվածք է: Նախ Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրը, որպեսզի պատկերացնեք քարտեզի վրա, որը ներկայացնում եմ հանրության ուշադրությանը՝ որպես անհերքելի փաստ, իմ հրամանատարական կետից գտնվում էր 15,5 կմ հեռավորության վրա: Երկրորդ՝ Մոնթե Մելքոնյանը զոհվել է մարտական խնդիրը կատարելուց հետո, երբ արդեն վերադառնում էր: Նշեմ, որ թշնամու «БМП 1» զրահատեխնիկան, որը, ցավոք սրտի, մնացել էր թիկունքում և դարձել է լեգենդար հրամանատարի զոհվելու պատճառը, պատերազմի ընթացքում միակ դեպքը չէ: Այդպիսի դեպքեր ունեցել ենք նաև շատ այլ բնակավայրերի ազատագրման ժամանակ, երբ ռազմագործողությունների ավարտից հետո պարզվում էր, որ թիկունքում հակառակորդի զինված խմբեր կամ զրահատեխնիկա է մնացել՝ իր անձնակազմով: Ի վերջո, պահպանված է նաև իմ և Մոնթեի միջև կայացած վերջին ռադիոկապի ձայնագրությունը, որտեղ մանրամասներ եմ հաղորդում նրան մեր ունեցած որոշ հաջողությունների մասին, քանի որ, հաշվի առնելով կապի ոչ հուսալի պաշտպանությունը, չէի կարող ավելին ասել: Ի դեպ, առաջին ագամ ցանկանում եմ հայտարարել, որ Մոնթե Մելքոնյանին սպանած այդ նույն «БМП 1» զրահատեխնիկան Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկների կողմից ոչնչացվել է Ակնայի ազատագրման ժամանակ: Նույնը կարող եմ ասել նաև Ասկերանի տանկ-հուշարձանի հետ կապված Սամվելի հոխորտանքների մասին, որտեղ առաջարկում է իմ արձանը կանգնեցնել: Այո, իրականում ժամանակին մեր սակրավորները տեղանքը չեն կարողացել ամբողջությամբ ականազերծել, թեև ինձ զեկուցել էին, որ առաջադրանքը կատարվել է: Բայց Սամվել Բաբայանը երևի մոռացել է, որ մեր ականազերծող սարքերը բավարար որակ չունեին և միշտ չէր հաջողվում խնդիրը պատշաճ կատարել: Ինչո՞ւ է հանկարծ էժանագին դիվիդենտներ հավաքելու համար այսքան ստորության գնում: Իսկ քանի՞ տեղում էր պետք նրա արձանը կանգնեցնել, խոսե՞նք դրա մասին, ինչո՞ւ է արժեզրկում ամեն ինչ: Խոսում է մարտական հրամանատարներից Վանքեցի Յուրայի, հինգերորդ պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի կամ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունների մասին: Կա՞ մեկը, որ այդ ժամանակներում ապրում էր Արցախում ու կառարկի, որ Սամվել Բաբայանը բացարձակ իշխանություն ուներ: Այսինքն ուզում էր, որ այդ սպանությունները բացահայտվեին և չէ՞ր կարողանում: Իսկ գիտե՞ք ինչու չեն բացահայտվել, որովհետև այդ բոլոր հանցագործությունների մեջ ինքն անձամբ մեղսակից էր: Ու այսօր նրա ցինիզմն այն աստիճանի է հասել, որ մայրաքաղաքի կենտրոնում Հանրապետության նախագահի նկատմամբ տեռորի կազմակերպման մասին ևս հրապարակավ հերքում է, թե իբր ինքը դրա հետ կապ չի ունեցել… Որ իր ամենակարողության ժամանակներում Արցախում տիրող ամենաթողության, իրականացվող ամենօրյա ճնշումներից ու բռնություններից տեղյակ չէր»,- ասել է Վիտալի Բալասանյանը և համոզմունք հայտնել, որ իրավական դաշտում Ս. Բաբայանը, այնուամենայնիվ, պատասխանատվություն կկրի իր կատարած ու անպատիժ մնացած հանցագործությունների համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause