Պար գազի դիմաց. Հայաստանի եւ ՌԴ վարչապետների անակնկալը Երեւանում

Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների հավաքում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ բարձրացրել է գազի գնագոյացման մեխանիզմի հարցը: Նա հայտարարել է, որ պետք է ախուժացնել գազի ոչ խտրական գնագոյացման մեխանիզմի ձեւավորման հարցը լուծելուն ուղղված ջանքը:

Շատ կարեւոր է, որ Երեւանը հրապարակային մակարդակում հետեւողական բարձրացնում է այդ հարցը: Ավելին, Նիկոլ Փաշինյանն այլ առիթներով հայտարարել է, որ եթե չի ձեւավորվում միասնական էներգետիկ շուկա, ապա խախտվում է տնտեսական միասնական տարածության կարեւորագույն սկզբունք, մասնակիցները հայտնվում են անհավասար մրցակցային իրավիճակում, եւ ըստ այդմ անիմաստ է դառնում տնտեսական այդ միությունը:

Երեւանի դաշնակիցն այդ հարցում Բելառուսն է, որի նախագահը նույնպես պարբերաբար բարձրացնում է միասնական էներգետիկ տարածության եւ շուկայի հարցը: Երեւանը, Մինսկն ու Բիշքեկը չունեն նավթ ու գազ, հետեւաբար Ռուսաստանն ու Ղազախստանը հայտնվում են ավելի շահեկան վիճակում:

Որքա՞ն է սերտ էներգետիկ միասնական շուկայի հարցի քաղաքական բարձրաձայնման կամ լոբբինգի հարցում Երեւանի, Մինսկի եւ Բիշքեկի միջեւ գործակցությունը:

Երեւանի համար հարցն առավել զգայուն է, պայմանավորված օրինակ տնտեսական շրջափակման հանգամանքով, ինչը բավական թանկացնում է հայաստանյան ապրանքների ինքնարժեքը:

Միաժամանակ, այդ հանգամանքն էլ թերեւս փորձում է օգտագորել Մոսկվան, հասկանալով նաեւ խնդրի սոցիալական բաղադրիչի լրջությունն ու հարցը դիտարկելով որպես Հայաստանի վրա քաղաքական ճնշման լծակ:

Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ այդ ռեժիմից, լեգիտիմ իշխանության գործոնի շնորհիվ: Համենայն դեպս, Երեւանը փորձում է, եւ ներկայում ընթացող հայ-ռուսական բանակցությունը վկայում է այդ մասին: Ընդ որում, խոսքը նաեւ բազմաշերտ փորձի մասին է, ինչի վկայությունն է ՌԴ վարչապետ Մեդվեդեւին Երեւանում ցուցաբերած հատուկ ընդունելությունը, անձնական ջերմ շփումների ֆորմատում: Հայաստանի վարչապետը նրան ընդունել է ոչ միայն իր տանը, այլ ավելի ուշ այցելել են հայկական ակումբներից մեկը, երաժշտություն լսել, անգամ պարել: Ակումբի տնօրենը մամուլին հայտնել է, որ այցը եղել է անակնկալ:

Կօգնի՞ անձնական շփումների ձեւավորման փորձը հարցի լուծման գործում: Անհրաժեշտ գործոնները բնականաբար շատ են, այդ թվում այն հանգամանքը, թե ինչ զարգացում կարող է լինել Իրանի ուղղությամբ, կառաջարկի՞ Իրանը Հայաստանին էժան գազ, եթե Մոսկվան չհամաձայնի գնագոյացման փոխադարձ ընդունելի մեխանիզմին: Այլ կերպ ասած, Իրանը կհամաձայնի՞ «պարել» Հայաստանի հետ: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունները հուշում էին, որ Հայաստանը կարող է նոր իրավիճակում ավելի համարձակ լինել Իրանի հետ գազի շուրջ խոսակցության առումով:

Միասնական էներգետիկ տարածության համատեքստում դնելով ԵՏՄ իմաստավորվածության հարցը, Երեւանն ըստ երեւույթին ակնարկում է նաեւ հենց Իրանի հետ բանակցությունն ինտենսիվացնելու լեգիտիմ իրավունքի մասին, եթե չի ապահովվում միասնական տարածության տրամաբանությունը: Կամ եթե Ռուսաստանը չի գնում եկկողմ այնպիսի պայմանավորվածության, որը Հայաստանի համար շահեկան կլինի ոչ միայն կարճաժամկետ, այլ առնվազն միջնաժամկետ հատվածի համար:

Ի վերջո, գազի հարցը թավշյա հեղափոխությունից հետո ունի մեկ այլ ստատեգիական իմաստ, այն առանցքային գործոն է Հայաստանի տնտեսության վերափոխման, վերակազմակերպման կենսականորեն անհրաժեշտ հարցում:

աղբյուր

Like this post? Please share to your friends:
Prends ta pause