«Պաստառի վրա կտեսնեք այն լրատվամիջոցների անունները, որոնք սնուցում են այս հաղորդումը». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Յութուբից» տեղեկացա, որ «5-րդ ալիք» կոչվող TV-ի եթերում կա «Օրագիր» անունով հաղորդում, որտեղ վարողը կարդում է օրվա թերթերի «ուշագրավ» հրապարակումները: Հետո հրավիրում է մի հյուրի ու սկսում են «քննարկել» օրվա կարդացված «ուշագրավները»:

Պաստառի վրա կտեսնեք այն լրատվամիջոցների անունները, որոնք սնուցում են այս հաղորդմանը: Իջեցված պատվերի գիծը մի փոքր մեղմելու համար այնտեղ զետեղել են նաև «Առավոտ», «Հետք» անունները, բայց, հիմնականները, ինքներդ էլ կհասկանանք, թե որոնք են՝ «Իրավունք»-ից, «Lenta.ru»-ից սկսած վերջացրած մնացածով…

Բայց սրա համար չեմ գրում: Ռ. Քոչարյանի նախագահության շրջանում այս ֆորմատը համատարած էր «ԱԼՄ»-ով (որի Արեգնազ Մանուկյանը հենց այս նկարում հյուրն է արդեն որպես «7 օր»-ի խմբագիր), «Հայլուր»-ով, որի Հարություն Հարությունյանն այժմ հենց այդ հեռուստաընկերությունում է, «Կենտրոն», «ԱՐ» ու բոլոր, բոլոր մասնավոր հեռուստաընկերություններով: Նախագահականից շատ վաղ առավոտյան բոլոր TV-ներին գնում էր այն թերթերի ու օրվա հրապարակումների ցուցակը, որոնք պետք է «ընթերցվեին» ու այդպես էլ արվում էր…

Քանի-քանի անգամ ստեր ընթերցվեցին մեր մասին, մենք, առաջնորդվելով բազմակարծության սկզբունքի ապահովումով, նամակ գրեցինք՝ պահանջելով նույն եթերից հերքել տարածված ապատեղեկատվությունը…. Չէր արվում…. Կեղտաջուրը հորդում էր հեռուստահաղորդավարների ու հաղորդավարուհիների շուրթերից, ողջ էկրանից….

Այժմ դեժավյու էր… Հետո հիշեցի, որ Հարություն Հարությունյանի իմացած լրագրությունն այլ բան չի կարող լինել ու այժմ էլ, նախկինի նման, Վիկտոր Սողոմոնյանը արդեն այլ հասցեից է հավանաբար նրան ուղարկում ցուցակը, թե տվյալ հաղորդման ընթացքում ի՞նչ կարդան՝ «Հրապարակ»-ում կամ «Իրատես»-ում Կարմեն Դավթյանի գրած անանուն լո՞ւրը, «Իրավունք»-ում Գալաջյան Հովիկի հորինած սո՞ւտը, ֆեյսբուքյան ֆեյքից «168»-ի բլոգ տարված ֆեյք նյո՞ւզը…

Սա գրեցի, որ այդ տարիններին տարիքով փոքր, իսկ այժմ չափահաս մարդիկ հասկանան, թե ո՞րն է եղել լրատվությունը, ժողովրդավարությունը, բազմակարծությունը Ռոբերտ Քոչարյանի օրոք…

Ու ինչի համար են նրանք այսօր Սորոսի անվան տակ ատում բազմակարծությունը, ժողովրդավարությունը, ազատ խոսքը…. Որովհետև իրենց ժամանակ իրենց համար ապահով էր, այդ ամենը չկար, սոցցանցեր չկային, ինտերնետ կայքերի բազմազանություն չկար, ողջ հասարակությունը կախված էր տպագիր թերթերից ու ավելի մեծ չափով՝ հեռուստատեսությունից… Ու նրանք այդ ամենը արտակարգ կառավարում էին ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի միջոցով:

Որքան հիշում եմ այդ տարիներն, այնքան ավելի ու ավելի եմ ասում՝ հնին վերադարձ չի լինելու: Դուք անցյալում եք, անվերադարձ…»:

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause