Ո՛Չ ԳԱԼԻՍ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ. ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ, ԻՍԿ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ՀՈՍՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՈՎ

Ո՛չ գալիս են, ո՛չ էլ ուշադրություն դարձնում. բնակիչները դժգոհում, իսկ կոյուղաջրերը հոսում են փողոցով 

Արդեն 10 օր է, ինչ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի կոյուղին խցանվել է,  իսկ կոյուղաջրերը հոսում են փողոցով: Ըստ բնակիչների՝ խնդրի մասին տեղյակ է ե՛ւ թաղապետը, ե՛ւ քաղաքապետարանը ե՛ւ ջրմուղկոյուղին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկում խնդրի լուծման համար. «Սկզբից թաղամաս մտնող հատվածն էր խցանվել, կոյուղաջրերը լցվում էին մեր հողամասերը, տան բակերը, անցուդարձ չէր լինում: Եկան, էս հատվածի կոյուղին բացեցին, հիմա էլ՝ մի քիչ ներքեւ է խցանվել:

Առաջինը զանգեցինք թաղապետին, նա ասաց, որ տեղյակ է պահել  քաղաքապետարանին եւ ջրմուղկոյուղուն: Մեր զանգից 10 օր է անցել, բայց ոչ մի կառույց խնդրին լուծում չի տալիս: Չենք կարողանում բակ դուրս գալ, երեխաներն անգամ փողոց դուրս չեն գալիս: Տան բակում անգամ չենք կարողանում նստել, ահավոր հոտ ա գալիս, խեղդվում ենք: Էս անելու բանա, թող գան իրենք բակում նստեն, տեսնեն ինչ ա կատարվում: Ընդանուր կոյուղին է խցանվել, ոչ մեկ չի մտածում, իսկ ընտրությունների ժամանակ գալիս էին խնդրում, որ սրան ընտրեք, նրան ընտրեք: Ընտրեցինք՝ որ էսօր մեր հարցին լուծում չտան»,-բողոքում են  բնակիչները:

Խնդրի հետ կապված հարց ուղղեցինք Ջրառատ թաղամասի թաղապետ Ստեփան Կոտանյանին: Թաղապետը մեր հարցը լսելուց հետո ասաց. «Դուք հլա բնակիչներին հարցրեք, խի ա կոյուղին դուրս տալիս:  Գոմերը միացրել են կոյուղուն, ինչքան գոմաղբ կա լցվում է կոյուղատարը:  Մենք տեղյակ ենք, քաղաքապետարանի բնակֆոնդի բաժնին տեղյակ եմ պահել, նրանք էլ՝ ջրմուղին են ասել: Ջրմուղից ասել են՝ կգան, կմաքրեն: Մի քանի անգամ եկել են, չեն կարողացել մաքրել: Ոնց ջրի հաշվիչները դրեցին, քիչ ջուր են բաց թողնում, կոյուղին խցանվում է»:  Մեր այն հարցին, ինչո՞ւ են թույլ տվել անասնագոմից դեպի ընդանուր կոյուղատար կոյուղագիծ անցկացնեն, որ նման խնդրի առաջ չկանգնեն, եւ ո՞վ պետք է այս ամենը վերահսկի. «Ես ինչ կարամ անեմ, թող ջրմուղը վերահսկի: Ես գնամ, ինձ չեն ասի, դու ո՞վ ես, որ եկել ես»,-ասաց թաղապետը:

Բնակիչներից ոմանք ասում են, որ այս հարցը պետք է կարգավորի ջրմուղկոյուղին, քաղաքապետարանը այստեղ ոչ մի գործառույթ չունի, ոմանք էլ՝ հակառակն էին պնդում, որ ե՛ւ ջրմուղկոյուղին, ե՛ւ  քաղաքապետարանը պարտավոր են խնդրին լուծում տալ: Մինչ բնակիչները միմյանց հետ վիճում էին, թե ով է մեղավոր, բնակիչներից մեկն ասաց. «Սաղ լավ, հաշտվեք ու ապրեք, ոչ մեկն էլ չի գա, ոչ մի բան էլ չեն անի»:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause