Հրաման դիպուկահարներին. Պուտին-Ալիեւ համաձայնությունը չեղարկվեց

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնատար անձանց առաջ խնդիր է դրել «դիպուկահարների հետագա գործողությունների, կայուն պաշտպանության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, քողարկման արդյունավետ կազմակերպման, ինչպես նաեւ նախատեսվող ուղղություններով հակառակորդի սադրանքների կանխման համար անհապաղ ու համաչափ միջոցառումներ ձեռնարկել հատուկ սարքավորումների ու միջոցների կիրառմամբ»:

Ադրբեջանը փաստորեն հայտարարում է, որ առաջնագծում դիպուկահարները շարունակելու են աշխատել: Հիշեցնենք, որ միջնորդներն առաջարկում էին դիպուկահարներին առաջնագծից հետ քաշել որպես վստահության միջոցառում: Նոյեմբերին Դուշանբեում համաձայնությունից հետո, ինչպես նշում էին մասնագետները, դիպուկահարները մի քանի ամիս չէին աշխատում, բայց հիմա նախարարը նորից գործի է դնում նրանց:

Հունիսի 20-ին Վաշինգտոնում պետք է կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Սկսած մայիսի 30-ից հայ-ադրբեջանական ճակատում նորից անհանգիստ է: Փորձագետներն ասում են, որ Ադրբեջանը, սրելով իրավիճակը, փորձում է խուսափել որոշակի առաջարկներից, որոնք կարող են հնչել Վաշինգտոնում:

Հիշեցնենք, որ հունվարից չէր հաջողվում համաձայնեցնել Վաշինգտոնի հանդիպումը, որոշ տվյալներով, Ռուսաստանի պատճառով: Բանն այն է, որ Վաշինգտոնի հանդիպման օրակարգում կարող է ընդգրկվել Արցախի հակամարտության գոտում միջազգային մեխանիզմների ներդրման հարցը, որին Ռուսաստանը բացահայտ դիմադրում է 2016 թվականից: Մեխանիզմների ներդրումը թույլ չտալու համար անցած տարվա աշնանը Պուտինը «համոզեց» Ալիեւին գնալ Դուշանբեի պայմանավորվածություններին: Բայց հիմա, երբ այդ պայմանավորվածությունները խախտված են, Ռուսաստանն այլեւս փաստարկներ չունի այդ մեխանիզմների դեմ:

Ռուս փորձագետներն ասում են, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Պուտինի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հետո, դիվանագիտական աղբյուրների տվյալներով, Ալիեւը հրաժարվեց կատարել Պուտինի հետ ձեռքբերված որոշակի բանավոր պայմանավորվածությունները, նշում են փորձագետները:

Հայաստանի նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանն այս առթիվ ասել է, որ մինչեւ չներդրվեն Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում պայմանավորված միջազգային մեխանիզմները, մինչեւ պատժամիջոցներ չլինեն խախտումների համար, միակ պատժիչ միջոցը մնալու է զորքը:

«Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ», – նշված է Հայաաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Ինչու՞ չէր հաջողվում այսքան երկար ժամանակ համաձայնեցնել Վաշինգտոնի հանդիպումը: Ինչու՞ հենց հիմա է հաջողվել համաձայնեցնել հանդիպումը, եւ Երեւանը ներկայացրե՞լ է փաստարկներ, որոնք ազդել են Ռուսաստանի դիրքորոշման վրա:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան հույս ունի, որ «վաշինգտոնյան հանդիպմանը, որը մոսկովյան հանդիպման շարունակությունն է, կողմերն ավելի կոնկրետ արդյունքների կհասնեն»: «Կարծում ենք նաեւ, որ պետք է վերջ դրվի Հայաստանի ղեկավարության դիրքորոշման անորոշությանը», – ասել է նա՝ հայտարարելով, որ բանակցությոնները լինելու են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե Արցախը եւս մասնակցի: Օրերս Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ընտրված չլինելով Ղարաբաղի ժողովրդի կողմից, չի կարող նրա ներկայացնել բանակցություններում, մինչդեռ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցել է Ադրբեջանի նախագահի ընտրությանը:

Փաշինյանը նշել է, որ շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հարցը պետք է ժողովուրդը լուծի: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարելի է ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակ ընդունել, որը չի ընդունի ժողովուրդը, պարզապես միամտություն է, ասել է Փաշինյանը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Like this post? Please share to your friends:
Prends ta pause