Ինչ որոշում է կայացրել ՌԴ-ն Միհրան Պողոսյանի գործով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։

Նշենք, որ ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարեցվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։

Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որ եղավ Էդվարդ Սնոուդենի դեպքում. լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ մեղադրվելով՝  2013 թվականից նա ստացավ ՌԴ ժամանակավոր ապաստան, ավելի ուշ՝ երեք տարվա բնակության թույլտվություն։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ Պողոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 15-ին, որից օրեր անց՝ ապրիլի 19-ի երեկոյան, Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։

Հայաստանի դատախազությունը հայտնեց, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ  ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։

Մեկ օր անց՝  ապրիլի 24-ին,  Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։

Հունիսի 2-ին լրացավ նրա կալանավորման 40-օրյա ժամկետը։

Նյութի աղբյուրը Bavnews․am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause