Դավիթ Տոնոյանի սենսացիոն հայտարարությունը

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպաննության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Նա նշել է, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, հնարավոր են փոխզիջումներ: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները: «Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունը, նրա ներկայացրած նոր բանաձևը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», կարելի է սենսացիոն համարել։ Այն ամբողջությամբ, հիմնովին փոխում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ գործընթացում Հայաստանի դիրքավորման տրամաբանությունը, փիլիսոփայությունը։ Ավելի քան քառորդ դար Հայաստանը՝ լինելով պատերազմում հաղթող կողմ, բանակցային գործընթացում հանդես է եկել մի տեսակ թույլի, զիջումների պատրաստ կողմի դիրքերից։ Պատահական չէ, որ երկու տասնամյակից ավելի Հայաստանի քաղաքական օրակարգը մշտապես լցված է եղել տարածքներ հանձնել-չհանձնելու դիլեմայով, գրեթե բոլոր իշխանությունները մեղադրվել են հող հանձնելու, պարտվողականության մեջ։ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը բեկումնային է հենց ադ տեսանկյունից, պարտվողականության մերժման տեսանկյունից։ Պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը Հայաստանը ինչ-որ իմաստով վերադարձնում է հաղթանակած կողմի կարգավիճակին։

Բնականաբար, ամենևին պատահական չէ, որ Տոնոյանի այդ հայտարարությունը հնչել է գրեթե այն նույն ժամերին, երբ Վիեննայում տեղի էր ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Եթե ավելի պարզունականացնենք, ապա մինչ Վիեննայում Հայաստանի վարչապետը բանակցում էր ղարաբաղյան հարցի կարգավորման ուղիների, այդ թվում՝ ենթադրաբար նաև փոխզիջումների մասին, պաշտպանության նախարարը Նյու Յորքում հայտարարում էր «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի անընդունելիության և «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի կիրառելիության մասին։ Սա ուղերձ էր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ընդ որում, թերևս պատահական չէր նաև այդ ուղերձի հնչեցման վայրը՝ ԱՄՆ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկիր, որի անմիջական ջանքերով 2016 թվականին Ադրբեջանին ըստ էության պարտադրվեցին հրադադարի պահպանման մասին Վիեննայի համաձայնությունները։

Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, դրա արդյունքում Հայաստանի բանակցային ռազմավարության ենթադրվող փոփոխությունները, բնականաբար բազամշերտ ու բազմագործոն գործընթացներ են։ Եվ շատ կարևոր է հարցադրումը՝ որքանո՞վ է Հայաստանը որպես պետություն ունակ սպասարկելու պաշտպանության նախարարի առաջարկած նոր բանաձևը։ Այդ բանաձևը սպասարկելու համար անհրաժեշտ է հզոր պետություն՝ առաջանցիկ աճ ունեցող տնտեսությամբ ու ճկուն պետական կառավարման համակարգով։ Ահա այս հարցերում է, որ Հայաստանը դեռևս չի ցուցաբերել այն որակները, որոնք անհրաժեշտ են պաշտպանության նախարարի ներկայացրած հավակնոտ բանաձևը սպասարկելու, կյանքի կոչելու համար։ Թավշյա հեղափոխությունից անցել է շուրջ մեկ տարի, սակայն այս ընթացքում մենք դեռևս չենք տեսել տնտեսության բեկումնային զարգացման նախագծեր ու ծրագրեր, մենք չենք տեսել ճկուն ու համարժեք պետական կառավարում, փոխարենը արձանագրել են բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, որոնք պետությունը թուլացնում ու ոչ կենսունակ են դարձնում ներսից։

Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սպասարկելու համար Հայաստանը պետք է լինի ոչ թե զարգացման սովորական, այլ բեկումնային տեմպեր արձանագրող երկիր։ Այն, ինչ ըստ էության հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մասին իր նպատակադրմամբ։

Սակայն դա դեռևս նպատակադրում է, ռազմավարական ու հայեցակարգային հենք չունեցող նպատակադրում։ Իսկ առանց տնտեսական հեղափոխության, առանց սոցիալական, ժողովրդագրական բնագավառներում բեկումնային զարգացումների, Դավիթ Տոնոյանի հայտարարությունը կմնա որպես հաղթական հռետորաբանություն՝ առանց դրա գործնական կիրառման հնարավարությունների։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Like this post? Please share to your friends:
Prends ta pause