Բոլորին «փռթեցիր», դատական համակարգն էլ ժամանակին «փռթեիր». Սերգեյ Դանիելյանը՝ Փաշինյանին

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ էր արել մայիսի 20-ին արգելափակել դատարանների դռները:

Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Ավելի ուշ դիմելով ցուցարարներին՝ նա մեկնաբանեց, որ բողոքի ակցիան միջոց էր` ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որն առկա է անարդար դատական համակարգի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, վարչապետի` «վիրահատական միջամտություն» բնորոշումը, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդարացված եւ տեղին:

-Ինձ թվում է՝ վաղուց պետք է արվեր այս ամենը, բայց ոչինչ. լավ է ուշ, քան երբեք: Ես լսել եմ տարբեր իրավաբանների, եւ շատերն այն կարծիքին են, որ վարչապետի հորդորը օրենքի սահմաններում է: Կրակը հո չե՞նք ընկել այն Սահմանադրության ձեռքը, որը գրել է Սերժ Սարգսյանը: Սահմանադրությունն էլ պետք է փոխվի: Եթե դա ժամանակին արվեր, մենք այսպիսի ճգնաժամի առջեւ չէինք կանգնի:

-Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում այս ուղով դատական բարեփոխումների իրականացումը:

-Չեմ կարող ասել. դա իրավական հարց է: Կա միջազգային փորձ: Տարբեր երկրներում նմանատիպ ներքաղաքական ցնցումներից հետո եղել է նման իրավիճակ: Բոլոր դատավորների աշխատանքային գրքույկների մեջ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստորագորություններն են: Ինչպե՞ս կարող են նրանք շարունակել աշխատել:

-Իսկ այդ ո՞վ պետք է որոշի՝ ով է արդար դատավոր, ով` ոչ, եւ հետաքրքիր է՝ ինչ սկզբունքով:

-Ես չգիտեմ` այդ արարողակարգն ինչպես է արվում:

-Հասկանում եմ, բայց ինչպե՞ս կարող է ժողովուրդը նման բան որոշել եւ ի՞նչ հիմքերով:

-Ժողովուրդը չի որոշում: Նա ասում է, որ մերժում է ներկայիս դատական համակարգը եւ վերջ: Դա խայտառակություն է, դատարան չէ: Մինչեւ հիմա չեն որոշել՝ Քոչարյանն անմեղ է, թե մեղավոր: Դա նորմա՞լ է: Հո տունտունիկ չե՞նք խաղում: Այլ գործեր էլ տարիներով դրված են դատարաններում: Պարզապես նախկինում դատավորները սովոր էին, որ պետք է վերեւներից իրենց զանգեին: Հիմա զանգող չկա: Բոլոր այդ պատմությունները` թե ուղղորդվում է դատարանը, սուտ շահարկումներ են:

-Եթե Նիկոլ Փաշինյանը հայաստանյան դատական համակարգին չի վստահում, ինչու՞ է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին անդրադառնալով` նշում, թե գործը կգնա դատարան, եւ դատարանը կորոշի՝ արդար է նա, թե ոչ: Արդյոք այստեղ հակասություն չկա՞:

-Կա: Բանն այն է, որ այս ամենը Փաշինյանը պետք է աներ Ազգային ժողովի կազմը փոխելուց անմիջապես հետո: Ինչպե՞ս կարելի է օրգանիզմի մի մասը փոխել, մյուս մասը թողնել անփոփոխ: Փաշինյանն ասում է, որ ժամանակ էր տվել համակարգի ներկայացուցիչներին, որ փոխվեին: Ինձ համար դա աբսուրդ է: Ժամանակ էիր տվել, որ տանձը դառնար խնձո՞ր: Դե եթե այդպես էր, Ազգային ժողովին էլ ժամանակ տայիր, թող Գալուստ Սահակյանը դառնար փիլիսոփա: Ինչու՞ չտվեցիր այդ ժամանակը: Բոլորին «փռթեցիր», դատական համակարգն էլ «փռթեիր»:

Ուղղակի ժամանակ կորցրեցինք, որն ափսոս էր:

-Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ գործադիրը կարող է ճնշել դատական համակարգը, եւ, առհասարակ, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները կարող են դառնալ միաբեւեռ` միանձնյա որոշումներից կախված:

-Բայց ինչու՞ պետք է դատարանը մի հոգուց կախված լինի: Թող լինի անկախ դատարան: Եթե դատավորները կոռուպցիոն սխեմաներով կապված չլինեն իշխանության հետ, կլինեն անկախ: Վաղը մյուս օրը պետք լինի՝ Փաշինյանին էլ կդատեն, եւ ոչ ոք չի կարող իրենց խանգարել:

-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ հիմա էլ Փաշինյանն իր սրտի դատավորներին չի նշանակի, որոնք իրենից կախված կլինեն:

-Չի անի այդպիսի բան: Պետք է մեխանիզմներ մշակել, որպեսզի դատավորները ընտրվեն, ոչ թե ինքը բերի: Եթե այդպես անի, կդառնա Սերժ Սարգսյան: Իսկ ո՞վ է ասում, որ պետք է իր դատավորներին բերի: Աշխարհով մեկ այնքան լավ մասնագետներ ունենք, թող հրավիրեն: Ես արտիստ եմ, իրավաբան չեմ, բայց իմ կարճ խելքով հասկանում եմ, որ խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ կան: Իսկ հանրապետականները վայրի ոռնոց են բարձրացրել, որովհետեւ գիտեն, որ իրենցից շատերը կհայտնվեն ճաղերի ետեւում, այդքան բան:

 

Աննա Բաբաջանյան

Like this post? Please share to your friends:
Prends ta pause