ԱԺ նախագահի սենսացիոն հայտարարությունը

Lragir.am-ը գրում է․

ՔՊ համագումարում իր ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «մեզ պատերազմ է հայտարարված: Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոնն է Հայաստանում:

Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպան, Հայաստանի Հանրապետությունն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, եւ կախված նրանից՝ կհաջողի՞ արդյոք հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի այն, թե արդյոք ժողովրդավարությունը կհաջողվի աշխարհում:

Երկրորդ չափազանց կարեւոր հանգամանքը ազգային շահն է. մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության հետ, մեր հայրենիքի հետ, մի հանրույթի հետ, որը գալիս է հնուց եւ համոզված եմ, փոքրաթիվ ազգերի հետ դիմավորելու է մոլորակի մայրամուտը: Սա է, որ դրված է խաղասեղանին: Հենց այս հեռանկարին են պատերազմ հայտարարել:

Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք»: Հայաստանում թավշյա հեղափոխությունն իսկապես յուրահատուկ երեւույթ էր թե իր ընդգրկմամբ, թե մեթոդաբանությամբ: Այն չի տեղավորվում հեղափոխությունների դասական սխեմաների մեջ, իր հերթին, եվրոպացի ու ռուս բազմաթիվ հետազոտողների բնորոշմամբ՝ այն քաղաքակրթական երեւույթ էր ու կարող է դառնալ նախադեպ՝ ապագայի աշխարհում պետական կարգի, հասարակական նոր հարաբերությունների կառուցման համար: Ըստ էության, հայկական հեղափոխությունը նկատելի սառնությամբ ընդունվեց ուժի համաշխարհային կենտրոնների կողմից: Այն աշխարհքաղաքական վեկտորի ընտրության հարց չէր, ինչպես հետխորհրդային շրջանի մյուս հեղափոխությունները: Սակայն սա խնդրի մի կողմն է:

Առավել խորքայինը աշխարհում քաղաքական համակարգերի, հասարակական հարաբերությունների ու արժեհամակարգի ներկայիս որոշակի ճգնաժամն է, ինչն օրինակ արդեն արտահայտվեց Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով:

Դա նշանակո՞ւմ է սակայն, որ այդ սառնությունն արտահայտվում է նաեւ որոշակի խոչընդոտներով կամ, ինչպես Արարատ Միրզոյանն է ասում՝ մեզ պատերազմ է հայտարարված: Ընդ որում, դատելով նրա խոսքից, այդ պատերազմն ունի արտաքին ու ներքին դրսեւորումներ: Նման դրսեւորումներ իհարկե կան, եւ դա նկատելի է Հայաստանում «ընդդիմադիր» շրջանակների գործողությունների ու «գաղափարաբանության» տրամաբանությունից, որը հանգում է հեղափոխության հաջողությունը թույլ չտալուն: Միեւնույն ժամանակ, սակայն, կան առավել խորքային խնդիրներ՝ հանրային-քաղաքական շրջանակների զգալի մասի անհամարժեքությունը եւ որոշակի մոտիվացիոն վերաբերմունքը տեղի ունեցածին, եւ նախեւառաջ՝ ներկայիս իշխող մեծամասնության պատասխանատվության խնդիրը, որն արտահայտվում է ռեֆորմացիայի ռազմավարական ծրագրերի բացակայությամբ:

Հայաստանն իսկապես կարող է ժողովրդավարության բաստիոն լինել, եւ դա պետք է հասկանալ ու ընկալել ոչ թե իրավիճակային խնդիրների, այլ առավել լայն համատեքստում:

Բայց այդ քաղաքակրթական դերն անհնար է հանրային-քաղաքական դեգրադացված մտածողության ու արժեհամակարգի պայմաններում, որը նախեւառաջ հեղափոխությունն առաջնորդած թիմի պատասխանատվությունն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause