2020 թվականին 2175 վարորդ 6 ամսով զրկվել է մեքենա վարելու իրավունքից. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

2020 թ. 2175 վարորդ հատել է 9 տուգանային միավորի շեմը եւ 6 ամսով զրկվել մեքենա վարելու իրավունքից: ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 2020-ին կայացվել է տուգանային միավոր նախատեսող 414.825 որոշում։

ՀԺ-ն հետաքրքրվել էր նաեւ, թե 2020-ին քանի՞ ճանապարհատրանսպորտային խախտում է արձանագրվել, նաեւ խնդրել էինք տրամադրել 2018-ի եւ 2019-ի տվյալները: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտումների գործերով կայացվել է 1.717.869 որոշում, 2019թ.՝ 1.959.170 որոշում, 2018 թ.՝ 1.644.502 որոշում։ Իսկ տեսա եւ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է 1.366.926 որոշում»,- նշել են պատասխանում։

Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգը՝ տեսասարքերի արձանագրած խախտումների դեպքում։ Վարորդին տարեկան տրվում է 9 միավոր, եւ, ըստ խախտումների, արդեն համապատասխանաբար նվազում են այդ միավորները, իսկ 1 տարվա ընթացքում միավորների զրոյանալու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է մեքենա վարելու իրավունքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: