ՔԿ-ն Aravot.am կայքում հրապարակված «Դիրքերում Արթուր Աջամյանին, նախքան սպանելը, բութ առարկայով գլխին են հարվածել. փորձաքննության արդյունքները» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ

2020թ. փետրվարի 10-ին Aravot.am կայքում հրապարակված հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ հոդվածում ներկայացվել են «փաստեր», որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:

Անհասկանալի է այն պնդումը, որ փորձաքննությամբ հերքվել է վարկածը, որ զինծառայող Արթուր Աջամյանը կրակել է զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի վրա, այն դեպքում, երբ փաստաբանի կողմից վկայակոչվել են միայն դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքները: Վերոհիշյալ, ինչպես նաև ցանկացած վարկած հերքվում կամ հաստատվում է՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում հավաքված ապացույցների հիման վրա, դրանք միմյանց հետ համադրվելով և գնահատվելով վերաբերելիության, թույլատրելիության և բավարարության տեսանկյունից:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում ստացված դատագենետիկական եզրակացությամբ հաստատվել է, որ Արթուր Աջամյանին ամրակցված ինքնաձիգի ձգանից և վերջինիս մարմնի տարբեր մասերից վերցված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են միմյանց՝ 99.999999999% հավանականությամբ:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Արթուր Աջամյանին ամրակցված ինքնաձիգի մակերեսի մյուս հատվածներից անջատված քսվածքից ԴՆԹ-ն անջատվել է խառնուրդի ձևով, որն առաջացել է առնվազն երեք տարբեր անձանցից, ապա այդ հանգամանքը հստակեցնելու համար որոշում չի կայացվել լրացուցիչ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին, այլ նշված եզրակացությունը ստանալուց հետո՝ 2020թ. փետրվարի 7-ին, որոշում է կայացվել՝ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու համար, թե հողանման զանգվածի մակերեսի արնանման նյութի քսվածքից անջատված ԴՆԹ-ն արդյոք առաջացել է Դավիթ Մելիքբեկյանից, թե՝ այլ անձից:

Այսինքն՝ նման պայմաններում անհասկանալի է փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից նշված հանգամանքների վերաբերյալ նման տեղեկություններ տարածելը, ավելին՝ այն դեպքում, երբ փորձաքննություն նշանակելու մասին որոշումները և դրանց հիման վրա տրված եզրակացությունները պատշաճ քրեադատավարական ընթացակարգի շրջանակներում ներկայացվել են ծանոթացման, դրանց պատճենները տրամադրվել են ինչպես տուժողի իրավահաջորդին, այնպես էլ՝ վերջինիս ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանին, սակայն նման պայմաններում Հայարփի Սարգսյանի կողմից քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները հանրությանը ներկայացվում են խեղաթյուրված:

Հայարփի Սարգսյանի կողմից խեղաթյուրված են ներկայացվել նաև հետևյալ տվյալները. «փորձաքննությամբ հստակեցվել է, թե ինչ հեռավորությունից է Արթուր Աջամյանը կրակոցն ստացել, գնդակն արձակել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն. «Հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնասպանությունը», մինչդեռ ստացված փորձագետի եզրակացության համաձայն՝ «…կրակոցը կատարվել է ընդհուպ, ոչ հերմետիկ արձակված կրակոցից…», որպիսի հանգամանքի պարզմամբ հաստատվել է, որ հրազենի փողաբերանի ստորին եզրը հպված է եղել Արթուր Աջամյանի ճակատի մաշկածածկույթին, իսկ փողաբերանի վերին հատվածի հեռավորությունը մաշկածածկույթից եղել է 0,3 սմ-ից մինչև 0,5 սմ:

Նման պայմաններում ինչպե՞ս է Հայարփի Սարգսյանը հանգել նման հետևության՝ առնվազն անհասկանալի է:

Միաժամանակ, կոչ ենք անում շահագրգիռ անձանց զերծ մնալ քրեական գործերով հանրությանը խեղաթյուրված փաստեր ներկայացնելու արատավոր պրակտիկայից:

ՀՀ Քննչական կոմիտե

Понравилась статья? Поделиться с друзьями: