Մեկուկես ամսում՝ 12 զինվորի մահ և այն էլ՝ յուրայինների ձեռքով

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բարնասյանը գրել է․

«ԱՀԱԶԱՆԳ *** Մեկուկես ամսում՝ 12 զինվորի մահ և այն էլ՝ յուրայինների ձեռքով… Սարսափելի՜ է։
Մեր զինվորականությանը (չեմ ասում՝ միայն զինվորներին) կրթել ու դաստիարակել է պետք։ Գուցե և բանակում հայտնված հայ երիտասարդները ընտանիքում սեր ու ջերմություն ստացել են, բայց մեծ խմբով 2 տարի միասին ապրելու կանոններին ծանոթ չեն, ոչ ոք նրանց չի սովորեցրել հաշտ ու խաղաղ համակեցությամբ դիմանալու երկամյա այդ լուրջ փորձությանը։ Տարիներ առաջ մեկը մյուսի մայրենի բարբառը ծաղրուծանակի ենթարկելու պատճառով հրազենային վնասվածք հասցնելու դեպք եղավ զորամասերից մեկում։ Լա՜վ, ասենք թե ընտանիքը, մանկապարտեզն ու դպրոցը թերացել են, բա զորամասերում կարգապահական հարցերով պատասխանատուներ կամ հոգեբաններ չկա՞ն… Ինձ թվում է՝ մեր բանակում ճիշտ նույն ճղճիմ հարաբերություններն են, ինչ ՇԱՆԹ-ի եթերում ժամանակին հեռարձակվող «Բանակում» մերժելի հեռուստասերիալում։ Ցավոք, թոռնիկս էլ էր միշտ դիտում։

Հիմա եթերում չէ, բայց համացանցում դեռ կա՝ անբովանդակ խոսքուզրույց, գռեհկաբանություններ, քծնանք , դեսից-դենից անբովանդակ քննարկումներ։ Սա՞ է մեր բանակը…Կրթել է պետք հայ զինվորներին… Մեկուկես տասնամյակ առաջ ՊՆ քարոզչության վարչության պետը երջանկահիշատակ Վրեժ Իսրայելյանն էր, և բաժնի պետն էլ ամուսինս էր՝ Սամվել Դիլանյանը։ Ի՜նչ հրաշալի մատենաշար էին ստեղծել այդ տարիներին՝ «Զինվորի գրադարան»։ Այդ փոքրիկ գրքույկները շա՜տ հարմար էին գրպանում ունենալու և հայկական ռազմարվեստի պատմությանը ծանոթանալու համար։ Սեյրան Օհանյանն իր պաշտոնավարման տարիներին փակեց հրատարակչությունը՝ իբր թե խնայողական նպատակներից դրդված։ Հոնորարից զրկեց նաև «Հայ զինվոր» հիանալի շաբաթաթերթի թղթակիցներին … Այդպիսի վերաբերմունքի պայմաններում էլ ի՞նչ կրթություն և դաստիարակություն… Նողկալի անտարբերություն՝ ազգակրթական ծրագրերի հանդեպ։ Դե, արդյունքն էլ այս անկրթությունն է և այլատյացությունը, միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը։ Չարենցի ասած՝ պատմության քառուղիներում ցաքուցրիվ ու անգաղափար քայլելու արդյունքում ենք այսպիսի սարսափազդու իրավիճակներում հայտնվում։Մեկուկես ամսում՝ 12 զոհ… Սարսափելի է։ Մեր բանակի բարոյահոգեբանական վիճակը փոխելու, հայ զինվորին կրթելու հրամայականը թակում է մեր դուռը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: