Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին

Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում այսօր՝ դեկտեմբերի 3–ին, հավաքվել էին Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ, որոնք պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:

Արթուր Աջամյանի հարազատները հայտնել են, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձման աշխատանքները, քանի դեռ ապահովված չէ դիահերձման տեսագրումը:
«Այստեղից մեկ քայլ չենք հեռանալու, մինչեւ չպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են սպանել մեր զինվորին: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, երբեք չի դժգոհել ծառայությունից: Երեկ էլ իր ծնունդն էր։ Զինվոր եմ ուղարկել, որ դիակ հետ ստանա՞մ։ Կռվարար երեխա չի եղել, չափից դուրս համեստ է եղել։ Ծառայության ընթացքում մեզ հետ անընդհատ կապի մեջ է եղել։ Որ օրը ծնվել է, այն օրն էլ մահացավ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի հորաքույր Էլեոնորա Աջամյանը:
Աջամյանի պապը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մահվանից մեկ օր առաջ խոսել է թոռան հետ. «Ասեց՝ պապի ջան, դիրքերում եմ, ես էլ նախօրոք շնորհավորեցի ծնունդը։ Ասեցի՝ վաղը հաշվեհամարիդ գումար եմ փոխանցելու, ինձ ասաց՝ պապի, ունեմ, պետք չի։ Երեկ էլ զանգեցին,ասեցին՝ սենց դեպք է եղել»։

Նա ասաց, որ դիակի զննության ժամանակ ներկա է եղել. «Ճակատից խփել են, հետեւից փամփուշտը դուրս է եկել։ Աջ ձեռքի հատվածում կան նոր վերքեր, իսկ ձախում՝ հին վերքեր, ճակատին՝ կապտուկներ»։

Նշենք, որ Աջամյանը ծառայում էր ազգային հերոս Քյարամ Սլոյանի զորամասում, նա մահացել է հենց իր ծննդյան օրը:

Հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել. նրանք պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին. «Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում»,-ասաց հարազատներից մեկը:

Այստեղ էր նաեւ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, որը ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի:

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 2–ին, ժամը 06:50-ի սահմանում, Պաշտպանական բանակը հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: