«Հիմա եմ հասկանում, թե ինչ սխալ քայլ եմ արել…» ․ Արկադի Տեր-Թադևոսյան

Ինչպես վկայում են մի շարք տեսագրություններ ու լուանկարներ,

2008թ. մարտին, մինչև արտակարգ դրություն հայտարարվելը, Երևանի տարբեր մասերում տեղակայված են եղել ՊՆ պետհամարանիշերով բեռնատարներ:

Տեղեկություններ կան նաև, որ զինված ուժերի մեծ մասը Երևան է բերվել դեռ փետրվարյան բողոքի ակցիաների ժամանակ: Մասնավորապես, ՊՆ մի շարք սպաներ փետրվարից մինչև մարտի արյունալի դեպքերի ավարտը մնացել են նախկին ԴՕՍԱԱՖ-ի շենքում՝ ՊՆ պաշտպանամարզատեխնիկական ակումբում: Ի դեպ՝ ակումբը ղեկավարում էր Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ զինվորականները ՊՆ-ից հրաման են ունեցել: «ԴՕՍԱԱՖ-ը միշտ էլ բանակի կողքին է կանգնած եղել, և հետո՝ էն ժամանակ ո՞վ էր թուղթ ներկայացնում. այդ սպաները եկան առանց թղթի, առանց ստորագրության և ասացին, որ պետք է ինձ մոտ մնան: Միայն փոխանցեցին, որ ՊՆ-ից հրաման ունեն՝ այստեղ գալու:
Ես էլ ուզում էի ինչ-որ կերպ օգնել նրանց»,-մանրամասնում է Արկադի Տեր-Թադևոսյանը: Ճշտող հարցին, թե տեղյակ չէ՞ր արդյոք սպաների քայլերի և նպատակների մասին, Կոմանդոսը պատասխանեց. «Նրանք գաղտնի էին անում ամեն ինչ և ոչինչ չէին ասում ինձ, դե, ես էլ չէի հարցնում: Առավոտը գնում էին, երեկոյան՝ գալիս: Ես միայն գիտեի, որ այդ ժամանակ զինվորականները եկել են մարդկանց պաշտպանելու համար: Ես հիմա եմ հասկանում, թե նրանց ինձ մոտ թողնելով, ինչ սխալ քայլ եմ արել»:

Իսկ բացի սեփական զենքերից, այլ զենքեր ևս իրենց հետ բերե՞լ էին սպաները, թե՞ ոչ, Կոմանդոսը վստահեցրեց, որ ոչ. «Ես չեմ տեսել այլ բան. իրենց անկողինն էր ու զենքերը միայն»:

Արկադի Տեր-Թադևոսյանից նաև հետաքրքրվեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և միևնույն ժամանակ պաշտոնավարելու մասով, սակայն Կոմանդոսը զերծ մնաց կարծիք հայտնելուց, քանի որ «ոչ ոքի հետ կապ չունի և հեռու է նման բաներից»:

Արմինե Միքայելյան

Понравилась статья? Поделиться с друзьями: