Հայ ռազմագերիների հարցը՝ Պուտին-Էրդողան սեղանին

Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որի ընթացքում, ինչպես հայտարարվել է, քննարկվելու է, այսպես ասած, եռակողմ համաձայնագրի հետ կապված հարցերի շրջանակ, նաև եվրասիական ինտեգրացիայի հեռանկարներ:

Գլխավոր հարցը, որ Հայաստանի առումով պետք է լինի հանդիպման օրակարգում, անկասկած հայ ռազմագերիների վերադարձի հարցն է: Այդ հարցը ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետում, ըստ այդմ՝ դրա լուծման համար պատասխանատվություն կրում է նաև ՌԴ նախագահը, որն այդ համաձայնագիրը ստորագրող կողմերից մեկն է:

Մյուս կողմից, սակայն, ինչպես խոստովանել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, Արցախում իրականացրել են ռուս-թուրքական շատ բարդ օպերացիա: Դա նշանակում է, որ թեև նոյեմբերի 9-ի համաձայնագրի տակ չկա Էրդողանի ստորագրությունը, այդուհանդերձ համաձայնագրի կետերի առնչությամբ Էրդողանն է իրականում մյուս կողմը, և համաձայնագիրը դե ֆակտո ավելի շուտ երկկողմ է կամ՝ եթե եռակողմ, ապա երրորդ կողմը ավելի շուտ ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան:

Ըստ այդմ՝ հայ ռազմագերիների հարցի չլուծվածությունը պայմանավորված է թերևս նրանով, որ կան ռուս-թուրքական չլուծված խնդիրներ: Որոնք են դրանք և ինչին են վերաբերում՝ սա է հարցը: Դրանք վերաբերում են Հայաստանի՞ն, այսինքն՝ Հայաստանի հետ կապված կա՞ որևէ ակնկալիք, որը մյուս կողմից՝ չափազանց բարդ որոշում կամ որոշումներ է պահանջում Հայաստանից: Թե՞ Թուրքիայի համար հայ ռազմագերիների հարցը Ռուսաստանի դեմ լայն իմաստով կիրառվող խաղաքարտ է, որ Անկարան Բաքվի միջոցով փորձում է պահել իր ձեռքում առավելագույնս երկար:

Այդ իմաստով պետք է դիտարկել թերևս Ուկրաինայում լարվող իրավիճակը, որտեղ ըստ ամենայնի Թուրքիան պատրաստվում է ստանձնել նոր դերակատարում, և պետք չէ բացառել, որ արցախյան ուղղությամբ ձեռք բերած առավելությունը Թուրքիան փորձելու է ծառայեցնել ուկրաինական ուղղությամբ էլ դրան հասնելու համար: Միևնույն ժամանակ բացառելի չէ այն, որ Էրդողանը պարզապես աջակցում է Ալիևին, իսկ մեր ռազմագերիների հարցը Պուտինի դեմ այդ աջակցության շնորհիվ խաղարկում է Ալիևը:

Բոլոր դեպքերում ակնառու է, որ հայ ռազմագերիների հարցը դարձել է ցուցիչ, թե ինչ արժե ՌԴ նախագահի ստորագրությունը Կովկասում։

Понравилась статья? Поделиться с друзьями: