Ի՞նչ է սպասվում «Վարկս Էյ ԷՄ»-ի վարկառուներին․ պարզաբանում է իրավաբանը

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ):

168.am-ը իրավաբան Ռոբերտ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ վերոնշյալ վարկային կազմակերպության վարկառուներն արդյո՞ք պետք է կատարեն իրենց վարկային պարտավորությունները, թե՞ ոչ։

Ի պատասխան՝ իրավաբանն ասաց․ «Վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Ըստ վերոնշյալ օրենքի՝ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում, տվյալ դեպքում՝ վարկային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով` այն լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով ստեղծվում է լուծարային հանձնաժողով: Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ցանկում, ի թիվս այս պարտադիր գործողությունների, սահմանվում է, որ լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերը ստանալու, լուծարվող բանկի կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։ Այն կարծիքները կամ թյուրըմբռնումը, համաձայն որի՝ վարկային կազմակերպության լուծարման պարագայում ավտոմատ կերպով զիջվում են վարկային պարտավորությունները, չի համապատասխանում իրականությանը»։

Հետևաբար, իրավաբանի խոսքով՝ ըստ օրենքի՝ առաջիկայում լուծարային հանձնաժողով կստեղծվի, որից հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն կտա մամուլում և կծանուցի Կենտրոնական բանկին՝ վարկային կազմակերպության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:

Понравилась статья? Поделиться с друзьями: