Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հողի տակ թաքցված տղաների մարմիններ՝ այրված. Անհետ կորած զինվորի մայր

Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ կատարելու անհետ կորած զինծառայողների հարազատների պահանջն ի վերջո կատարվել է։ Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին Զանգելանի հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են հողի տակ թաքցված տղաների մարմինները։

«Այդտեղ է տեղի ունեցել մեր մարտը և մոտ 20 օր առաջ որոնողական աշխատանքներ են տեղի ունեցել՝ տեղանքը գտնելու համար։ Թեև Ադրբեջանը հերքել էր՝ նշելով, որ մենք այդտեղ չունենք մարմիններ, բայց իրենց նկարած տեսանյութերով ողողվել էր համացանցը, Զանգելանի հենց դպրոցի դիմաց զոհեր են ցույց տվել, պահանջել ենք անգամ այդ մարմինները։ Դրանից հետո իրենք ասացին, որ ինչ-որ իրենց գերեզմաններում մեծ փոս է արվել, որտեղ իրենք բոլորին հուղարկավորել, թաքցրել են»,- պատմեց անհետ կորած զինվորի մայրը։ Ըստ նրա՝ դիակների որոնման աշխատանքներին մասնակից է եղել նաեւ ծնողներից մեկը եւ փոսը բացելուց հետո պարզվել է, որ մարմիններն այրված են եղել։ « Հիմա մարմիններն արդեն դիահերձարաններում են, փորձաքննություններից պարզ կլինի, թե որ հերոսի մարմինն է»,- ասաց տիկին Անահիտը։

Նրա խոսքով՝ ԴՆԹ փորձաքննություն է անցնում, իրենք ևս հանձնել են ԴՆԹ նմուշ և կապ չունի, որ մարդիկ իրենց երեխաներին տեսել են՝ տեսագրություններում, բոլորը հանձնել են ԴՆԹ նմուշ, որովհետև դա բոլորին է պետք։

Նրա փոխանցմամբ՝ գործընթացները շարունակվում են, երեկ հանդիպում է եղել Վեհափառի հետ, կփորձեն Վեհափառի հետ միասին գերեվարվածներին հակառակորդի թիրախից դուրս բերել։

Ինչ վերաբերում է հունվարի 11-ին եռակողմ հանդիպմանը, որից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ գերիների հարցը չի լուծվել, Ադոյանն արձագանքեց. «Կարծում էիք պետք է լուծվե՞ր։ Ի վերուստ ասել եմ, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված հայտարարության կետերում նշված էր, որ անհետ կորածների, գերիների և մարմինների փոխանակում, գերիները՝ բոլորը բոլորի դիմաց, չեղարկվեց, բայց ամեն դեպքում հողերը հանձնվեց։ Այս անգամվա այցը ընդամենը ճանապարհ էր ադրբեջանցիների համար, որ ինքը կարող է մինչև անգամ Նախիջևան երկաթուղի կառուցի։ Այնպես է, որ այդ հարցը չէր լուծվելու, որովհետև ի սկզբանե մեր ղեկավարությունն էր սխալ, երբ առանց փոխանակման իրենք հողեր հանձնեցին։ Ես հիասթափված եմ մեր կառավարությունից, չունենք պատկան մարմիններ։ Դուք ինքներդ 85 օրվա մեջ տեսաք, որ որևէ մեկը մեր կողքին չեղավ»։

Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին՝ Ադոյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՔԾ-ն ՀՀ զինվորական դատախազին է ուղարկել ներկայացված դիմումը՝ նկատի ունենալով, որ այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա, ինչպես նաև հատուկ սուբյեկտների կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ չի պարունակում։

«Ես բազմիցս ասել եմ, որ այդ ամենը կազմակերպել է գեներալ Անդրանիկ Մակարյանը և գնդապետ Վարդան Նշանյանը։ Նախօրեին ՀՔԾ-ից նամակ եմ ստացել, որ իմ բողոքը մերժվել է՝ չգիտես ինչու։ Գուցե ՀՔԾ-ն էլ է իրենցը։ Հույսներս չպետք է դնենք ՀՔԾ-ի վրա։ Հանցագործության մասին տեղեկություն ենք տրամադրում և ոչ միայն ես, 39 ծնող միանում է իմ դիմումին, նամակ է ստացվում, թե ոչ համապատասխան տեղեկություններ տրամադրող դիմում է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Էջմիածնում բողոքի ակցիա էին իրականացնում քիմիական զորամասի՝ անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները. Նրանց տարել էին Զանգելանի ուղղությամբ, որից հետո հարազատները որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակների մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: