Ինչու են վիճել Հայկո-Մկոն

Հայկո-Մկոյի մասին արդեն շատ է խոսվել ու դեռ կխոսվի, քանզի կան բազում հարցեր, որոնց պատասխանը չի տրվել։ Վերջ ի վերջո, ի՞նչ կատարվեց։ Ի՞նչ կատարվեց հանրության կողմից ամենասիրված շոումենների հետ, ովքեր 15 տարի անընդմեջ աշխատել են միասին։ Վարկածները շատ են և տարբեր։

Ասում են, թե պատճառը եղել է այն, որ Մկոն հեռացել է Հայկոյից, քանի որ նա իշխանության դեմ հանդես եկավ, և դա նրան վախեցրեց, բայց Հայկոն, արի ու տես, շարունակում է սերտ համագործակցությունը նույն Արմենիա TV-իի հետ:

Կա վարկած, որ պատճառը Հայկոյի՝ ԱՄՆ տեղափոխվելու ցանկությունն է եղել, ինչը նա չի համաձայնեցրել Մկոյի հետ, բայց փաստը մնում է փաստ, որ Հայկոն մինչ օրս Հայաստանում է և նոր ֆիլմ ու ներկայացում է պատրաստվում անել։ Փորձել է մնալ ԱՄՆ-ում, բայց չի՞ ստացվել. Հայկո Մարությանի աշխատասիրությունն ու նպատակասլացությունն իմացողները դրան էլ դժվար հավատան։

Քչերը նաև գիտեն, որ Հայկոն և իր կինը Չեխիայի քաղաքացի են և տուն ունեն նաև Պրահայում։ Վարկածներ կան, որ խնդիրը փողն է եղել կամ ուղղակի հոգնել են և այլն… Կարելի է անվերջ շարունակել, վարկածներ ասել, դրանք ժխտել կամ հավատալ դրանց։ Բայց փաստը մնում է փաստ, որ Մկոն, ինչպես ինքն է պնդում, նույնիսկ մարդկային շփում չունի Հայկոյի հետ:

Նա շփում չունի նաև նրա եղբայր Արման Մարությանի հետ, ով տարիներ շարունակ զբաղվել է Կարգին ծրագրերի ռեժիսուրայով և մոնտաժով։ Մկոն դադարեցրել է իր շփումը դերասաններ Անդոյի, Ռաֆոյի հետ, որոնք հայտնի են իրենց բարի և հարգալից վերաբերմունքով մարդկանց նկատմամբ։ Նա վիճել է և դադարել շփվել գրեթե բոլոր այն մարդկանց հետ, ում հետ տարիներ շարունակ աշխատել և ընկերություն էր արել։ Ինչ է պատահել իրականում՝ գիտի թերևս միայն ինքը՝ Մկոն։

Հիմա նրանք գործում են առանձին։ Մկոն, լինելով բավականին լավ դերասան, փորձում է ինքնուրույն բաներ անել, բայց դա, ըստ իս, մեղմ ասած, չի ստացվում։ Այս «առանձին» աշխատած ժամանակահատվածը սկսվեց «Տնփեսա» հեռուստասերիալով, որն արդեն բավականին հոգնեցրել է և այս եթերաշրջանով, ըստ ամենայնի, կսահմանափակվի: «Քայլ ձիով» ֆիլմը նույնպես սպասված հաջողությունը չունեցավ: Անսպասելի էր նրան տեսնել Արամեի տեսահոլովակում՝ որպես քավոր, և ցավոտ էպիլյացիայի գովազդում, «Կալդո» խողովակների գովազդը, թերևս, ամենահաջողվածն էր այս նկարահանումների շարքում։

Վերջերս էլ տեսա նրան կարաոկեի գովազդում, որը նույնպես ստացված անվանել չի կարելի:
Այդ նույն ժամանակահատվածում Հայկոն որպես պրոդյուսեր նկարահանեց «Կարգին սկեչ» ծրագիրը, որը շատ անհաջող էր, հետո գլխավորեց Վիվասելի և Տոտո բուքմեյքերական գրասենյակի գովազդային արշավը Հայաստանում, ինչը բավականին լավ ստացվեց, այնուհետև նկարահանեց «Սուպեր մամա» կատակերգությունը, որը մեծ հաջողություն ունեցավ։
Այս բաժանումից, մեծ հաշվով, երկուսն էլ տուժեցին, բայց, մերժելով իր ընկերներին, այնուամենայնիվ, Մկոն, ինչպես տեսնում եք, շատ ավելին կորցրեց։

Հայկոն իր աշխատասիրությամբ կլրացնի Մկոյի պակասը, բայց ի՞նչ է անելու Մկոն, ով լինելով լավ դերասան՝ աչքի չի ընկել երբեք իր շփվելու ունակություններով, իր կազմակերպչական ջիղով և, ամենակարևորը, հովանավոր գտնելու ունակությամբ։

Ինչպե՞ս է լրացնելու իր ընկերոջ, գործընկերոջ պակասը: Դրական վերաբերմունքի պաշարը, որը կուտակվել էր անցած տարիների ընթացքում, սպառվում է ու շատ արագ։ Ու եթե ջնջում ես անցյալդ, ընկերներիդ, պետք է պատրաստ լինես, որ կողքիններիդ հետ դու էլ կարող ես բոլորի համար անցյալ դառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: