Ինչո՞ւ է թանկացել կաթնամթերքը

Կաթի եւ կաթնամթերքի գնաճն, ըստ մասնագետների, պայմանավորված է կաթի արտադրության ծավալների անկումը, կովերի գլխաքանակի եւ արոտավայրերի կրճատումը, ինչպես նաեւ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գնային քաղաքականությունը, ինչի դեմ հակամենաշնորհային մարմինը գոնե տեսանելի քայլեր չի ձեռնարկում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի մարտին կաթնամթերք, պանիր և ձու ապրանքային խմբում գրանցվել է 16.5% գնաճ, մասնավորապես՝ անարատ կաթը թանկացել է 1.6%-ով, պահածոյացված կաթը՝ 5.2%-ով, յոգուրտը և մածունը՝ 3.7%-ով, պանիրը և կաթնաշոռը՝ 1.5%-ով, կաթնամթերքի այլ տեսակները՝ 4.5%-ով, կարագը՝ 6.9%-ով:

Կաթնամթերքն առաջին անհրաժեշտության ապրանք է և բնակչության սպառման մեջ զգալի մասնաբաժին ունի։ Մասնավորապես՝ 2019 թվականի տվյալներով մեկ շնչի հաշվով պանրի ամսaկան սպառումը կազմել է 0.79 կգ, կաթինը և մածունինը՝ 1.52 լիտր, կարագինը՝ 0.12 կգ:

Կաթնամթերքի գների վրա էական ազդեցություն է թողել արտադրության ծավալների զգալի անկումը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար — փետրվարին Հայաստանում արտադրվել է 1.275 մլն լիտր կաթ`   նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  0.4%-ով պակաս, ինչը հիմնականում պայմանավորված է կովերի գլխաքանակի նվազմամբ։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում արտադրվել է մոտ 181.0 տոննա կարագ և կաթնային մածուկներ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 14.2%: Պանրի արտադրությունը կազմել է 2522.0 տոննա՝ նվազելով 5.9%, կաթնաշոռինը՝ 270.1 տոննա՝ նվազելով 3.8%-ով, թթվասերին՝ 1027.1 տոննա՝ նվազելով 8.6%-ով և պաղպաղակինը՝ 467 հազ. լիտր՝ նվազելով՝ 9.2%-ով: Ըստ էության՝ կարելի է եզրահանգել, որ մթերված կաթն ավելի շատ ուղղվել է կարագի արտադրության համար, քանի որ կարագի գինը մյուս կաթնամթերքի տեսակների համեմատ ավելի շատ էր բարձրացել։

Կաթի մթերման ծավալների վրա բացասական ազդեցություն է թողել նաեւ Արցախյան վերջին պատերազմը։ Խոտհարքների և արոտավայրերի կրճատման հիմնախնդիրը լուծելու համար պետական նոր ծրագրերի խիստ անհրաժեշտություն է զգացվում։ Հակառակ դեպքում էլ ավելի կկրճատվի, հատկապես հարավային մարզերում կովերի գլխաքանակը։

Բացի այդ, կաթնամթերքի շուկայում, օրինակ՝ կարագի, թթվասերի շուկայում գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք իրենց մասշտաբի հաշվին մեծ ազդեցության ունեն շուկայական գների վրա և տիրապետում են մանրածախ առևտրային ցանցերին (սուպերմարկետներին)։

Մարտ ամսին գրանցված կաթնամթերքի բարձր գնաճի մասով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանխարգելիչ և պատժող քայլեր չի իրականացրել, ինչի արդյունքում մենաշնորհները անպատիժ շարունակում են իրենց գործունեությունը՝ մեծ վնաս տալով սպառողներին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտի պետական ծրագրերի բացակայությունը կամ անարդյունավետությունը, մենաշնորհները, թույլ վերահսկողությունը և պատերազմը առաջացրել են կաթնամթերքի շուկայում խորքային խնդիրներ, որոնց արագ լուծումը միայն թույլ կտա ապահովել պարենային ինքնաբավություն, կամրապնդի տնտեսական անվտանգությունը։

Արամ Աճեմյան

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: